Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ինչպես խուսափել լեյշմանիոզից

Ինչպես խուսափել լեյշմանիոզից
22.03.2016 | 11:44

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում լեյշմանիոզ հիվանդությունից մահացել է ինն ամսական երեխա: Աղջնակը նախ տեղափոխվել է գյուղի ամբուլատորիա, Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Հայաստանում լեյշմանիոզի տարեկան մոտ 20-30 դեպք է արձանագրվում, հիմնականում` երեխաների մոտ։ Սա վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչները մակաբույծներ են: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները:
Լեյշմանիոզը, որպես կանոն, տարածված է տրոպիկական երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լեյշմանիոզը հանդիպում է 88 երկրում, 72-ը զարգացող երկրներ են, իսկ 30-ն աշխարհի ամենաաղքատ երկրներն են։ Հիվանդությունը տարածված է Աֆղանստանում, Բրազիլիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում։
Լեյշմանիոզները դասակարգվում են 3 հիմնական տեսակի՝ ընդերային, մաշկալորձային և մաշկային: Վաղ ախտորոշման և բուժման դեպքում հիվանդն ապաքինվում է։
Աշխարհում մոտ 12 միլիոն մարդ տառապում է այս հիվանդությամբ։ Ամեն տարի հիվանդանում է մոտ 2 միլիոն մարդ, մոտ 350 միլիոնն ապրում է ռիսկի գոտում։ ՈՒշագրավ է, որ լեյշմանիոզը տարածված է հետամնաց վայրերում, որտեղ հնարավորություն չկա ճանաչելու հիվանդությունը, և ոչ բոլոր դեպքերն են բացահայտվում ու գրանցվում։ Նշված 88 երկրից միայն 33-ում են լեյշմանիոզի դեպքերը պարտադիր գրանցվում։
Հիվանդության դեպքում ախտահարվում է հիմնականում արյան համակարգը։ Լեյշմանիոզը Հայաստանում հիմնականում հանդիպում է Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում: Հիվանդությունը չբուժելու դեպքում հանգեցնում է մահվան։ Մասնագետները, խոսելով ախտանշանների մասին, նկատում են, որ հիվանդի մոտ դիտվում է ջերմություն, ախորժակի բացակայություն, փայծաղի բորբոքման հետևանքով մեծանում է որովայնը։
Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, այստեղ ևս կարևոր է կանխարգելումը։ Եվ քանի որ լեյշմանիոզի ախտանշաններն առանձնահատուկ չեն, անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը, և հիվանդը ստանա համապատասխան բուժում: Մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդությունը կանխարգելելու համար լուսամուտները պատել ցանցերով, օգտագործել միջատավանիչ միջոցներ, ժամանակին իրականացնել աղբահանում, պայքարել թափառող կենդանիների դեմ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ